Եղեգնուտցիները փողոց են դուրս եկել

87

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները փողոց են դուրս եկել և պահանջում են, որպեսզի իշխանափոխությունից առաջ իրենց համայնքը ղեկավարած  Ռազմիկ Մարգարյանը չվերականգնվի պաշտոնում:

2018-ին Ռազմիկ Մարգարյանն իր լիազորությունները վաղաժամկետ վայր էր դրել: Համայնքի ղեկավար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը, սակայն Ռազմիկ Մարգարյանը դիմել էր դատարան: 1,5 տարվա դատաքննությունից  հետո վարչական դատարանը վերականգնել է Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատելու նրա լիազորությունները:  Եղեգնուտցիները բողոքում են. «Մենք չենք ուզում, որ 34 տարի թալանած մարդը վերադառնա ու ղեկավարի մեր գյուղը: Պահանջում ենք՝ թող այստեղ գան մարզպետն ու «Իմ քայլի» պատգամավորները: Մեր գյուղում էլ է հեղափոխություն եղել, և գյուղացիների ճնշումների տակ է Ռազմիկ Մարգարյանն իր լիազորությունները վայր դրել: Հիմա նորից վերականգնվի՞ ու որպես գյուղապետ ղեկավարի՞: Թույլ չենք տալու: Այս ընթացքում մեր գյուղում այնպիսի բաներ են արվել, որ 30 տարի երազել էինք: Որդնած ջրի փոխարեն մաքուր ջուր ունենք, գյուղ մտնող ճանապարհները կառուցվել են»,- ասում են փողոցում բողոքի ցույց անող գյուղացիները:

  Եղեգնուտցիները՝ ձեռներին բահեր ու եղաններ,  փակել են փողոցը և որոշել են անցնել «բարիկադային պայքարի»: