Եթե Սփյուռքը տկարանա, կացնի հարվածը Հայաստանին կուղղվի. Երվանդ Ազատյան(video)

238

Azgonline.am-ը լրատվական նոր հարթակ է, որը պարբերաբար անդրադառնալու է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին: Այդ համատեքստում նրկայացնում ենք մեր առաջին հարցազրույցն ամերիկաբնակ գրող, հրապարակախոս, վերլուծաբան, հասարակական գործիչ, «Թեքեյան» մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, կապված հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների և աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, պարբերաբար նոր երանգներ են ստանում՝ երբեմն սև-սպիտակ, երբեմն՝ գունավոր: Իր գործունեությամբ այդ հարաբերությունների ակտիվ մասնակից, այդ հարաբերությունները հայանպաստ , ազգային գաղափարախոսության վրա խարսխած սփյուռքահայ մտավորականն ինչպե՞ս է գնահատում ներկա իրավիճակը: «Սփյուռքը մեծ հնարավորություններ ունի, սակայն եթե դրանք որոշակի համակարգի՝ գործնական, գիտական հիմքի վրա չդրվեն, կկորչեն: Սփյուռքից Հայաստանում ներդրումներ կատարում են անհատները, բայց ոչ կազմակերպությունները: Ծրագրված, կազմակերպված մոտեցում Հայաստանի կողմից չկա: Հայաստանը չի ճանաչում Սփյուռքին, չգիտե Սփյուռքի հնարավորությունները, ներուժը. ամեն ինչ ինքնահոսի է մատնված»,- ոչ միայն այսօրվա, այլև վերջին 30 տարիների գնահատականն է տալիս Երվանդ Ազատյանը: Սփյուռքում համազգային ծրագրեր իրականացնող կազմակերպություններ գրեթե չկան՝ նշում է սփյուռքահայ վերլուծաբանը և հավելում, որ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ջանացել են Սփյուռքի կազմակերպությունները ջլատել՝ կարծելով, թե այդպես կարող են օգտակար տարրերը որսալ և դրանք Հայաստանի հետ կապել: Կորոնավիրուսը պատուհասել է ամբողջ մոլորակը, և նման պայմաններում յուրաքանչյուր աջակցություն արժեքավոր է: Հայաստան-Սփյուռք փոխօգնության հեռանկարները երկուստեք են կարևոր, որովհետև Հայաստանն օժանդակության կարիք ունի, միևնույն ժամանակ Սփյուռքում կան գաղթօջախներ, ի դեմս Լիբանանի՝ որտեղ ռազմաքաղաքական խնդիրներին գումարվել են նաև համավարակի վտանգները, ֆինանսական կոլապսը: Էրդողանն էլ շարունակում է հրահրումներն այդ երկրում: Ըստ էության, մեր ամենակարևոր հայկական գաղթօջախներից մեկի վերջին փշրանքներն էլ լրջորեն վտանգված են: Բնականաբար, Լիբանանը համայն հայության՝ Հայաստանի և Սփյուռքի կարիքն ունի: «Ինձ համար չափազանց հուզիչ էր, որ այս ծանր օրերին Արցախն օգնության ձեռք մեկնեց Լիբանանին: Այդ աջակցության մեջ մեծ խորհուրդ կա: Ամբողջ Սփյուռքը պարտական է լիբանանահայությանը, որովհետև Մեծ եղեռնից հետո Սիրիան և Լիբանանը դարձան գլխավոր գաղթօջախներ: Այսօր համայն հայությունը պետք է օգնի Լիբանանին: Լիբանանահայության համար մեծ ցնցում էին ի նպաստ Թուրքիայի՝ Բեյրութում իրականացված ցույցերը»,- լիբանանահայության օրհասական իրավիճակի մասին հանգամանալից խոսելով՝ ընդգծեց Երվանդ Ազատյանը: Սփյուռքահայ մտավորականի հետ Azgonline.am-ի զրույցը բազմակողմանիորեն անդրադառնում է խնդիրների, որոնց արմատները ձգվում են մինչև 90-ականներ. մերօրյա մտահոգությունները ևս զրույցի թեմաներից են: Երվանդ Ազատյանը համարձակ ու անաչառ մեկնաբանել է կուսակցությունների նկատմամբ հայաստանյան իշխանությունների ավանդական դարձած ոչ բարյացակամ, ոխակալ մարտավարությունը: Երվանդ Ազատյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում.