Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան 80 ամյակի առթիվ

89

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց:

Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում, և ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Ցավով տեղեկացա կորոնավիրուսային վարակի Ձեր թեստի դրական արդյունքի մասին: Վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Դուք կվերադառնաք առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և նախանշված ծրագրերի իրականացմանը:

Հարգելի Նուրսուլթան Աբիշի,սրտանց մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: