ՄԻՊ-ը արտակարգ դրությանն առնչվող հարցերով 2249 բողոք է ստացել

75

Մարտի 16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է արտակարգ դրության առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն։

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․

1.     794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության խնդիրներին (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),

2.    231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն,

3.    114 դիմում-բողոք՝ ֆինանսական դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների վերականգնմանը,

4.    78 դիմում-բողոք՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին,

5.    57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելու հետ,

6.    29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման և տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ,

7.    23 դիմում-բողոք՝ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։