Մահացել է իտալացի կոմպոզիտոր-դիրիժոր Էննիո Մորիկոնեն

91

ՌԻԱ գործակալության տվյալներով, մի քանի օր առաջ 91-ամյա հանրահայտ կոմպոզիտորն ընկել և կոտրել է ազդրոսկրը և ընկնելու հետևանքով անցյալ գիշեր մահացել է Հռոմի հիվանդանոցներից մեկում։

Մորիկոնեն ծնվել է Հռոմում, երաժշտի ընտանիքում։ Ավարտել է կոնսերվատորիայի շեփորի, գործիքավորման և կոմպոզիցիայի դասընթացները։ Սկզբում ելույթներ է ունեցել գիշերային ակումբներում և հյուրանոցներում, իսկ ավելի ուշ՝ աշխատանքի անցել թատրոնում։ 1950 թ․ սկսել է հայտնի երգեր գործիքավորել ռադիոյի ու հեռուստատեսության համար, իսկ 1966-ից սկսած երաժշտություն է գրել ֆիլմերի համար։

Մորիկոնեն լայն ճանաչում ձեռք բերեց իր նախկին դասընկեր Սերջո Լեոնեի «սպագետտի-ուեսթեռնների» վրա աշխատելով, իսկ ավելի ուշ՝ Բեռնարդո Բերտոլուչչիի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ համագործակցելով։ Եվրոպական համբավը վերածվեց համաշխարհային փառքի, և կոմպոզիտորը հրավիրվեց Հոլիվուդ։ Մորիկոնեն նաև հայտնի է որպես այնպիսի ռեժիսորների ֆիլմերի երաժշտության հեղինակ, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը, Ռոման Պոլանսկին, Բրայան դե Պալման, Քվենտին Տարանտինոն և այլոք։ Նա երաժշտություն է գրել, օրինակ, «Լավը, վատը, չարը» «Մի անգամ Ամերիկայում», «Մալենա», «Պրոֆեսիոնալը» և «Նողկալի ութնյակը» ֆիլմերի համար։

Ընդհանուր առմամբ, Մորիկոնեն իրականացրել է 400 ֆիլմի և սերիալի հնչյունային ձևավորում, ստացել երկու «Օսկար», ինն անգամ դարձել իտալական «Դավիդ դի Դոնատելլո» կինոմրցանակաբաշխության, երեք անգամ՝ «Ոսկե գլոբուսի», և վեց անգամ՝ BAFTA դափնեկիր։