Հայաստան. բաժանված տուն

135

Հայաստանը անկախության հասավ մոտ երեք տասնամյակ առաջ եւ դեռ պետք է ուղիներ գտնի այդ անկախությունը հաջողությամբ օգտագործելուՙ իր նպատակներին հասնելու համար:

Միմյանց հաջորդող ճգնաժամերը խաթարել են երկրի կյանքըՙ խոչընդոտելով տնտեսական վերականգմանը եւ հանգեցնելով զանգվածային արտագաղթի: Երկիրը գտնվում է շատ անկայուն տարածաշրջանում, որը առավելագույն զգուշավորություն է պահանջում շարունակվող քաղաքական վտանգների պայմաններում կողմնորոշվելու համար: Բացի դրանից, երկու թշնամի հարեւաններ կյանքի-մահու սպառնալիքներ են ներկայացնում: Հետեւաբար արտաքին վտանգները բավարար կլինեին, որպեսզի հայերը զգոն եւ պատրաստ լինենՙ պայքարելու հանուն իրենց գոյատեւման, բայց, ցավոք, ներքին իրարանցումը սրեց իրավիճակը: Ներկայումս առկա է քաղաքական ծայրահեղ բեւեռացումՙ ի հավելումն կորոնավիրուսային համավարակի կործանարար ազդեցության: Երկուսն էլ ծնկի են բերել երկիրը:

Երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խոստանում էր երկրում վերջ դնել անարդարությանն ու կոռուպցիային եւ նպաստել երկրի զարգացմանը արդի ժողովրդավարական իդեալներին համահունչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կուսակցությունը, որը իշխանության եկավ քվեարկությանը մասնակցածների 70 տոկոսի աջակցությամբ, շարունակում է մնալ անգերազանցելի մեծամասնություն: Ինքըՙ Փաշինյանը, խոստացել էր վենդետտա չիրականացնել նախորդ վարչակարգի նկատմամբ: Այդուհանդերձ, նա գլուխը կորցրեց ժողովրդական շարժման թափից, որը նա մոբիլիզացրել եւ երկրի իշխանության բարձրագույն պաշտոնին էր հասել:

Ներկայիս տնտեսական անկման պայմաններում իր կողմնակիցներին գործողությունների դրդելու համար նա հակված էր դիվայնացնելու նախկին վարչակարգը եւ դրա ղեկավարներին:

Իշխանության գալուց հետո նա այլեւս չէր կարող հանդես գալ որպես ամբոխավար: Կառավարական ապարատ մուտք գործելու համար նա պետք է դրսեւորեր հմուտ կառավարում: Նմանապես արտաքին ուժերի հետ գործ ունենալու համար նրա լրագրողական ոճը եւ պոպուլիստական ակտիվությունը պետք է չափավորվեին: Ուստի նա սկսեց ճշգրտումներ մտցնել իր վարքագծի եւ քաղաքական գործունեության մեջ, բայց նրա հետեւից գնացող զանգվածները շարունակում էին արյուն փնտրել:

Այդ մարդկանց մեծամասնության համար նախկին ղեկավարները պետք է ոչնչացվեն ամեն գնով, եւ նրանք սկսեցին անհամբերություն դրսեւորել, երբ իրենց առաջնորդը ձեռքի տակ եղած բոլոր միջոցները չէր օգտագործում նախկիններին ոչնչացնելու համար: Զանգվածների մի հատված սկսեց հիասթափվել եւ հարց տալ, թե որքան կտեւի հեղափոխության թավշյա մասը:

Մյուս կողմից, վտարված ռեժիմի անդամները իրենց զգում էին վտանգված եւ արձագանքեցին:

Հարաճուն դժգոհությունը հանգեցրեց երկրի բեւեռացմանը:

Թշնամանքներն անձնավորվեցին, եւ այդ անձնավորումը ավելի խորացավ նոր կուսակցությունների աճի պայմաններում, որոնք չունեին առանձնահատուկ գաղափարախոսություն եւ քաղաքական օրակարգեր: Լավագույն դեպքում նրանք ունեին իրենց հիմնադիրների անձնական օրակարգերը: Հետեւաբար այն, ինչ հարկավոր էր երկրի վերականգման համար, անտեսվեցՙ հանուն անձնական վրեժխնդրության բավարարման:

Զայրույթի համար հարմար թիրախ դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը, անշուշտ, հրեշտակ չէ, բայց մոլորություն կլիներ կարծել, թե նրան պատժելը փոքր-ինչ կբարելավեր մարդկանց վիճակը:

Մեկ ուրիշ դիվայնացված կերպար է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Փաշինյանի կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի նրան հեռացնի պաշտոնից: Արդյո՞ք դա կենսական հարց էր հասարակ քաղաքացու համար: Իհարկե ոչ, բայց թշնամանքը վեր դասվեց ազգի բարօրությունիցՙ պարզապես վնասելու նրանց, ովքեր խորհրդանշում էին հին վարչակարգը:

Հայաստանի Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի շարունակական ազատազրկումը սկսում էր ունենալ արտաքին քաղաքական հետեւանքներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս ասել է, որ կուզենար բանտից ազատված տեսնել իր հին ընկերոջը:

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի մոսկովյան տոնակատարությունից առաջ Փաշինյանը հասկացավ, որ Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության խորացումը ավելին կլիներ, քան ինքը կկարողանար գլուխ հանել: Իսկապես, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները մեկը մյուսի հետեւից պատճառներ էին գտնում տոնակատարությանը չմասնակցելու համար: Փաշինյանը նույնպես չեղյալ հայտարարեց իր ուղեւորությունը Մոսկվա:

Անկախ նրանից, որ վարչակազմը ժխտում է դատարանների վրա իր կողմից ճնշման գործադրումը, միայն այս ամիս դատարանները պայմանավորվել են գրավ սահմանել Քոչարյանի համար: Վերջինիս հարուստ ընկերները վճարեցին գումարը, եւ նա կալանքից ազատ արձակվեց: Նաեւ ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մերժումը Մոսկվային ցույց տվեց, որ Երեւանը չի կուտակի Մոսկվային զայրույթ պատճառող դեպքեր:

Օրեր առաջ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո նրա կուսակիցներն այցելեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն:

Ծառուկյանի զանցանքների վրա ուշադրությունը կենտրոնացվեց միայն վերջերս: Նա միացել էր հեղափոխությանը, աջակցել Փաշինյանին եւ խորհրդարան մտել 25 պատգամավորներով: Վերջերս վարչապետի հետ վեճից հետո Ծառուկյանը պահանջեց կառավարության հրաժարականը: Նա տագնապ է հնչեցնում եւ կառավարությանը մեղադրում վենդետտայի մեջ:

Հնարավոր է, որ Ծառուկյանը նախկին վարչակարգի օրոք խախտած լինի որոշ օրենքներՙ ընտրակեղծիքների եւ հարկերից խուսափելու տեսանկյունից, բայց նա իբրեւ գործատու հազարավոր մարդկանց աշխատատեղեր է ապահովում տնտեսության մեջ: Ծառուկյանին հետապնդելը հուսահատության կմատնի այլ ներդրողների եւ ձեռնարկատերերի: Բայց այն մարդիկ, որոնք համախմբվել են նախկին «թալանչիներին» խժռելու նպատակով, չեն նկատում երկրին եւ տնտեսությանը իրենց պատճառած վնասը:

Մոռանալով Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրներըՙ կառավարությունը իր բոլոր ռեսուրսները մոբիլիզացրել էր ապրիլի 5-ին Հրայր Թովմասյանից ազատվելու համար նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նպատակով: Համաճարակը վերջ դրեց հանրաքվեի անցկացմանը, եւ նրանք պետք է նոր ճանապարհ ընտրեին:

Հունիսի 22-ին խորհրդարանը Սահմանադրությունը փոփոխելու օգտին քվեարկեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը հայցելուց հետո: Բայց դա կդառնա պյուռոսյան հաղթանակ, քանի որ արդյունքը թերի կլինի, եւ Հրայր Թովմասյանը կմնա դատավորների շարքում, բայց ոչ ՍԴ նախագահի պաշտոնում: Իսկապես, 12 տարուց ավելի պաշտոնավարած 9 դատավորներից երեքը հրաժարական կտան նոր վարչակարգի պայմաններում: Նոր նշանակվածները, անշուշտ, կխուսափեն ընտրել Թովմասյանին, որը պետք է շարունակի որպես նախագահ 12-ամյա ժամկետով նախատեսված իր պաշտոնավարման ընթացքը:

Հունիսի 22-ին Թովմասյանը անցկացրեց Սահմանադրական դատարանի կանխիչ հատուկ նիստՙ քննարկելու Քոչարյանին ներկայացված մեղադրանքների սահմանադրականությունը:

Լրատվամիջոցներում նկատվող հռետորաբանության տոնը եւ սոցիալական ցանցերում հրահրվող գռեհկաբանությունը հասկանալի չեն: Հղկված դիսկուրսը այս պահին կարելի է բնութագրել որպես խոսակցություն այն մարդկանց շրջանում, ովքեր փակել են ականջները:

Ճշմարտության եւ հաշտեցման հանձնաժողովի ստեղծման հարցը այս սյունյակում բարձրացվել է մեկից ավելի անգամ: Հարավային Աֆրիկայում ապարթեիդի վարչակարգի տապալումից հետո այս առումով ձեռք բերվեց ազգային հաշտություն: Այս պահին Հայաստանում պառակտումը այնքան խորն է եւ հռետորաբանությունը այնքան սադրիչ, որ թվում է, թե երկխոսության տեղ չի մնում:

Կառավարող կուսակցության համար, քանի դեռ շեֆի հասցեին բացարձակ քծնանք չես արտահայտել, դու դավաճան ես: Եվ հակառակը:

Բոլոր մերժված խմբերը միավորվում են առանց գաղափարախոսությանՙ կառավարության դեմ պայքարելու համար, այն պայմաններում, երբ Հայաստանը ամենից քիչ կարող է իրեն թույլ տալ նման անկայունություն եւ կուսակցականություն: Ինքըՙ Փաշինյանը, փորձում է միջին ճանապարհ գտնել, բայց ապարդյուն: Հենց վերջերս նա փոխեց ոստիկանապետին, Ազգային անվտանգության պետին եւ բանակի շտաբի պետին, քանի որ լուրեր էին պտտվում ծրագրված խռովության մասին: Նա ստիպված է հավասարակշռել ներքին ուժերը եւ կարգավորել արտաքին քաղաքականությունը:

Նոր կառավարության անդամները փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից, բայցՙ չունենալով այլընտրանք:

Հայաստանը հայտնվել է ճգնաժամի մեջ, եւ որեւէ խաղաղ ելք չի նշմարվում: Թեեւ նախագահ Արմեն Սարգսյանը միայն արարողակարգային դեր ունի, վարչակարգի փոփոխման ընթացքում նրա ներկայությունը նպաստեց բախումների կանխմանը: Այդ դերն այսօր անհրաժեշտ է ավելի, քան երբեւե: Ժամանակն է, որ նա հանդես գա իբրեւ հաշտարար:

Երկիրը կարող է ինչ-որ իմաստություն սովորել նախագահ Աբրահամ Լինքոլնից, որ նախազգուշացրել էր, որ «ներսում բաժանված տունը չի չարող կանգուն մնալ»:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ