«Երկաթյա վարագույրների ետեւում» Միտրոխինի արխիվը. II մաս

103

Ոմն Վասիլի Նիկիտիչ Միտրոխին, 1922թ. ծնված Ռյազանի նահանգի (ՌԴ) գյուղերից մեկում, որն աշխատում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչությունում (այժմ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն) եւ զորացրվել 1984 թվին: Մայոր Միտրոխինը աշխատում էր ԽՍՀՄ հետախուզությունում որպես արխիվարիուս (պահոցի աշխատակից):

1972թ. Առաջին գլխավոր վարչության (հետախուզության) վարչական շենքը Մոսկվայի Լյուբլյանկա փողոցից (ԽՍՀՄ ՊԱԿ-ի կենտրոնակայանը, այժմ այդ շենքում է տեղաբաշխված Դաշնային անվտանգության ծառայությունը) տեղափոխվեց մայրաքաղաքի Յասենկովոյի շրջան: Անհրաժեշտ էր որոշակի ուսումնասիրություններ կատարել ՊԱԿ-ի արխիվներում, ընտրել հետախուզությանը վերաբերվող նյութերը եւ տեղափոխել դրանք արդեն Յասենովոյում տեղաբաշխված հետախուզության կենտրոնակայան: Այդ գործի համար ընտրվում են մի խումբ արխիվարիուսներ, այդ թվում եւ Վասիլի Միտրոխինը:

Արտակարգ հիշողության եւ ընդունակությունների տեր Միտրոխինը նյութերը ուսումնասիրելիս եւ առանձնացնելիս հիշողության մեջ պահում է անհրաժեշտ անունները, օպերատիվ կեղծանունները, երկրները, գործունեության դաշտը, «օգնականների» տվյալները, այնուհետեւ աշխատանքից հետո երեկոյան այդ ամենը գրանցում է իր հուշատետրում: Պատկերացրե՛ք, ոչ մի փաստաթուղթ կամ դրա պատճենը չի հանվում դուրս կենտրոնակայանի արխիվից, դա շատ վտանգավոր կլիներ եւ պրակտիկորեն անհնարին: Ամեն ինչ հիշողության մեջ: Նոթատետրերը պահվում էին Միտրոխինի Մոսկվայի բնակարանի եւ ոչ հեռու ամառանոցի թաքստոցներում: Ինչի՞ համար էր դա արվում, մի՞թե մինչեւ 1984 թիվը արդեն ծրագրվում էր դավաճանությունը, մի՞թե արդեն կանխատեսվում էր ԽՍՀՄ փլուզումը, ո՞ր պետության հատուկ ծառայությանը պետք է ապագայում փոխանցվեին պահոցի նյութերը:

Ենթադրել կարելի էր ամեն ինչ, սակայն փաստերը հետեւյալն էին:

1992թ. նոյեմբերի 7-ին Միտրոխինը (ԽՍՀՄ փլուզումից հետո) մեկնում է Ռիգա (Լատվիայի մայրաքաղաքը) եւ, իհարկե, իր հետ դուրս է տանում իր որոշ գրառումներ: Հայտնվելով Ռիգայումՙ Միտրոխինը այցելում է Անգլիայի դեսպանատուն եւ հանդիպում է խնդրում հետախուզության ներկայացուցչի հետ: Սովորական դասական ճանապարհ: Բոլորին հայտնի է, որ դեսպանատների «ծածկի» տակ միշտ կան եւ պետք է լինեն պարտադիր հետախուզության եւ անվտանգության աշխատակիցներ, այդ գործի համար լուրջ պետությունները փող չեն խնայում: Եվ ահա Միտրոխինը գրավում է Բրիտանիայի հետախուզության (Secret Intelligence Service – SIS) կամ «Mi-6»-ի ուշադրությունը: Որոշ ժամանակ հետո Միտրոխինը եւ իր ընտանիքի անդամները ստանում են քաղաքական ապաստան եւ ուրիշ փաստաթղթերի «ծածկի» տակ տեղափոխվում են Լոնդոն:

1995թ. հոկտեմբերի 17-ին Քեմբրիջի համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր Քրիստոֆեր Էնդրյուն հրավիրվեց SIS կենտրոնակայան, որտեղ նրան հրամցվեցին Մոսկվայից «դուրս բերված» ԽՍՀՄ հետախուզության նյութերը: Պրոֆեսոր Էնդրյուն վաղուց համագործակվում էր հետախուզության հետ (եւս մի փաստ «օգնականի») եւ մեծ փորձ ուներ ԽՍՀՄ-ից փախստականների հետ աշխատելու:

Եվ այսպես, Միտրոխինի նյութերում (որոնք շարունակվում են ուսումնասիրվել նաեւ նրա մահից հետո, Չերչիլի անվան քոլեջում) առկա են հայ հետախույզների, նրանց «օգնականների», այդ թվում եւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների անուններ: Նրանք եղել են «մշակման» օբյեկտներ, «թիրախներ», թե «օգնականներ», այժմ շատ դժվար է եզրակացնել: Միտրոխինը կարող էր սխալվել, վրիպումներ թույլ տալ: Հավատացնում եմ ձեզ, ամենատաղանդավոր հետախույզն էլ սխալվում է, չէ՞ որ Միտրոխինը միայն հայկական նյութերով չի աշխատել արխիվում, մշտապես լարված իրավիճակ, վախի զգացում, որ իրեն կարող են հետեւել, գերծանրաբեռնված հիշողություն, ապագայի «մշուշոտ ծրագրեր», հոգեբանական մեծ լարվածություն, երբեմն հայերեն տառերով գրված կեղծանուններ եւ այլն, եւ այլն:

Միտրոխինի նյութերի որոշ մասեր փոխանցվում են նաեւ գործընկեր այլ հատուկ ծառայությունների (նկատի ունեմ արեւմտյան բլոկը) եւ դա օրինական է: Իհարկե, միամտություն է կարծել, որ ԽՍՀՄ հետախուզությունը չէր օգտագործի Խորհրդային Հայաստանում բնակվող հայերի բազմաթիվ կապերը աշխարհասփյուռ հայության հետ: Հատկապես հետախուզությանը հետաքրքրում էին ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, նույնիսկ Հնդկաստանում եւ Չնաստանում ապրող հայերը: Եվ հետո չմոռանանք, որ ՊԱԿ-ի տեսադաշտում էին նաեւ այն հայերը, որոնք հայրենադարձվում էին Խորհրդային Հայաստան: Իսկ հիմա հաշվի առնենք, որ, ըստ երեւույթին, Միտրոխինը ուսումնասիրել է 1970-1980թթ. պահոցի նյութերը: Եվ այդ նյութերում օրինակ կար նաեւ այն Մոսկվացի հայի անունը, որը բարեկամական կապեր ուներ Իրանի շահի մտերիմների հետ: Ոչ մի արտասովոր բան չկա այն բանի մեջ, որ ԽՍՀՄ հետախուզությունը պետք է փորձեր օգտագործել այդ անձնավորությանը: Նույն բանը հաստատ կաներ ամերիկացի կամ իրանցի հետախույզը Բրեժնեւի կամ Գորբաչովի կանոնավոր կապերի հետ իրենց երկրներում: Որպեսզի այս աշխատանքը իրականացվեր, Հայաստանի ՊԱԿ-ի հետախուզության շատ աշխատակիցներ հրավիրվում էին աշխատել ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության կենտրոնակայանում: Նրանց հիմնական խնդիրները հայ համայնքներն էին: Ընդ որում նշեմ, որ այդ ուղղությունում աշխատում էին ԽՍՀՄ բոլոր այն ազգերի ներկայացուցիչները, որոնք ունեին համայնքներ արտասահմանում:

Ինչպե՞ս կարող էր Գեվորկ Վարտանյանը վրիպել հայ հետախուզական ռեզիդենտուրայի տեսադաշտից Թեհրանում: Իհարկե չէր կարող, արդյունքում մենք ունեցանք հանրահայտ ոչ լեգալ հետախույզ, Խորհրդային Միության հերոս «Անրին», որը փրեց «Մեծ եռյակի» կյանքը 1943թ. Թեհրանում:

Շարունակելի

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ