Թրամփ․ Ուզում են լռեցնել մեզ, բայց չենք լռելու

97

«Նոր ծայրահեղ ձախ ֆաշիզմի» կողմնակիցները ցանկանում են ոչնչացնել երկրի պատմությունն ու տապալել ամերիկյան հեղափոխությունը, Հարավային Դակոտա նահանգում Անկախության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Թրամփի ելույթը, որը հեռարձակվեց ամերիկյան լրատվամիջոցնեով, ուղղված էր ԱՄՆ-ում բողոքի շարժումներին, որոնց մասնակիցները քանդում են պատմական գործիչների հուշարձանները։

«Նրանք ուզում են լռեցնել մեզ, բայց մենք չենք լռելու։ Վանդալները պետք է մաքսիմալ շուտ կանգնեցվեն։ Մեր երկրի վրա հարձակվող արմատական գաղափարախոսությունը առաջ է մղվում սոցիալական արդարության դրոշի ներքո», ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ հրամանագիր է ստորագրելու Միացյալ Նահանգներում ազգային հերոսների զբոսայգու ստեղծման մասին, որը նվիրված կլինի պատմության մեջ մեծագույն ամերիկացիներին։

Միայն այս ամիս հանվել են մի շարք արձաններ, ներառյալ Քրիստափոր Կոլումբոսինը, որի արձաններից մեկը նետվել է լիճը, երկրորդի գլուխը կոտրել են, իսկ մյուսը նետել գետնին, տեղեկացնում է CNN-ը։