Եվրոպան ներկայացրեց սահմանների բացման չափանիշները

95

Եվրոմիությունը ներկայացրեց այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են դեպի երրորդ երկրներ մեկնելու սահմանափակումների վերացման հանձնարարականներ կազմելու համար։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի ներկայացուցչին։

Երկրների ցանկը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են վարակի նոր դեպքերը, հիվանդացության կայունացման միտումները կամ հակառակը, ինչպես նաև COVID-19-ին հակազդելու հնարավորությունները, օրինակ՝ թեստավորում, հիվանդների հետ շփված անձանց հայտնաբերում, բուժում և վիճակագրության տրամադրում։

Առաջին ցանկի դեպքում երրորդ երկրում հիվանդության նոր դեպքերը հունիսի 15-ից ի վեր վերջին 14 օրում չպետք է գերազանցեն միջին եվրոպական ցուցանիշը, այն է՝ մոտ 16 մարդ 100 հազար բնակչի հաշվով։

Եվրոհանձնաժողովը նշել է, որ առնվազն երկու շաբաթը մեկ Խորհուրդը վերանայելու է ցուցակը։

Միաժամանակ ԵՄ կարող են մեկնել ԵՄ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները կամ այն անձինք, ում ուղևորությունը համարվում է հրատապ։

Հանձնարարվել է սահմանափակումները վերացնել 15 երկրների նկատմամբ։ Դրանք են՝ Վրաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ալժիրը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Չեռնոգորիան, Ռուանդան, Սերբիան, Թայլանդը, Թունիսը, Մարոկկոն և Ուրուգվայը։