Սուրբ Սոֆյայի տաճարին սպառնում է թանգարանից մզկիթի վերածվելու ճակատագիրը

74

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  CNN turk-ը հաղորդել է, որ Թուրքիայի պետական խորհուրդը նիստ է հրավիրել, որի ընթացքում մոտ 17 րոպե քննարկվել է Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու հարցը։

Հայտնի է, որ 1980-ականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։ Սուրբ Սոֆյայի տաճարը հիմնադրվել է  537 թվականին  և մինչև 1453 թվականը  եղել  Արևելյան ուղղափառ տաճար՝ հանդիսանալով  Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի և այդ  կարգավիճակում  մնացել  մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հանձնարարել էր Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանից նորից մզկիթ դարձնելու հարցը քննարկել։ Նրա այս քմահաճույքը քրիստոնյա  աշխարհի, հատկապես հոգևորականների վրդովմունքն է հարուցել, բայց, ինչպես տեսնում ենք, Թուրքիայի պետական խորհուրդը հարցն արդեն քննարկման է դրել, իսկ քաղաքային խորհուրդը խոստացել է որոշումը երկու շաբաթից տարածել։