Մեկնարկում են ընդունելության քննությունները․ հուլիսի 2-ի առավոտյան դիմորդները կհանձնեն անգլերեն

75

Վաղը մեկնարկում են բուհական ընդունելության քննությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան հերթական նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ,  հորդորել է դիմորդների ծնողներին իրենց երեխաներին չուղեկցել քննական կենտրոններ, որպեսզի անհարկի կուտակումներ չառաջանան։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս ճեպազրույցի ժամանակ կոչ է արել  ծնողներին իրենց դիմորդ-զավակներին թույլ տալ ինքնուրույն հասնել քննական կենտրոններ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ուղեկցելուց հետո  չմնան դպրոցների տարածքում։ Այս տարի քննություններն  անց են կացվելու 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը Երևանում է։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ 47 կրթօջախներն էլ ախտահանվել են, բակերում գծանշումներ են արված, որպեսզի դիմորդները հերթ կանգնելիս պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Նրանք մուտքի մոտ կջերմաչափվեն․ դիմակ կրելը, ձեռքերն ախտահանելը պարտադիր է։  

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ՀՀ-ում անց է կացվելու անգլերենի միասնական քննություն։ Դիմորդները պետք է քննական կենտրոններ ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, դիմակներով, ԿԳՄՍ-ի կողմից հաստատված և էլեկտրոնային փոստով նրանց ուղարկված անցագրով։