Սփյուռքահայությունն իրեն լքված է զգում

114

Վերնագիրը շատերին, հատկապես հայրենաբնակ հայրենակիցներիս հավանաբար անհեթեթ թվա. Հայաստանում այս օրերին բոլորն են իրենց լքված զգում, էլ ո՜ւր մնաց տարբեր ու տարատեսակ հեռաստաններում գտնվող Սփյուռքն իր աշխարհագրական, քաղաքական, տնտեսական, այժմ էլՙ համավարակային ու ապահովական հարցերով: Մայր հայրենիքն ի՛նքն է այժմ հայտնվել հողմապտույտի մեջ, կորցրել է գլուխը ոչ միայն համավարակի զսպման որոնումներում, այլեւ մատնվել է ներքաղաքական հակամարտությունների որոգայթում: Հետեւաբար, այդ պայմաններում, երբ մեր կամքից անկախ տիրապետող է դարձել §ամեն մարդՙ իր դարդին¦ զգացողությունը, շատերի համար անիմաստ է դարձել հայության դրսի հատվածներով մտահոգվելը:

Մինչդեռ գոյութենական կռիվ մղող հայկական սոցիումի, ավելի պարզՙ համահայկականության անվտանգության տեսակետից խիստ վտանգավոր է նման մեկուսապաշտական մտածողությունը, որի խորացման դեպքում մեր ժողովրդին սպառնում է կրկին, Վահան Թեքեյանի ասած, §փոշի ազգի¦ վերածվելու վտանգը, որն իր հերթին վտանգում է ազգային եւ համազգային ամեն ինչՙ ընդհուպ պետականւթյան ու հայրենիքի կորուստ, Սփյուռքի ամբողջական ապազգայնացում, Մայր հայրենիքից արտագաղթի նոր ալիքներ:

Թանձրացվա՞ծ է պատկերը: Ո՛չ, քանզի գլխավոր խնդիրը վերաբերում է սփյուռքահայ որոշ գաղթօջախների ֆիզիկական եւ համայնքային անվտանգությանը, այնպեսՙ ինչպես Հայաստանում եւ Արցախում: Եվ այս պարագայում: թշնամին բոլորովին անծանոթ համավարակը չէ, այլ նույն թուրք-ազերի ոսոխը:

Ահազանգն այս անգամ Մերձավոր Արեւելքից է գալիս, Սիրիա-Լիբանանից: Մեր կայքէջի ընթերցողներին ծանոթ է, թե Բեյրութում ինչպես սկսվեցին հակահայ գրգռությունները մամուլի տեղական որոշ օրգանների եւ մի խումբ վարձկանների կատարմամբ: Ծանոթ է նաեւ հյուսիս-արեւելյան Սիրիայում, որը քրդական, ասորիական եւ հայկական ջոկատների ինքնապաշտպանության տակ է գտնվում, դարձել է Էրդողանի կանոնավոր բանակի եւ վարձկան ահաբեկիչների տեւական թիրախ, նպատակ ունենալով տեղահան անել նրանց եւ տարածաշրջանը կցելՙ այսպես կոչված նոր-օսմանցիների երազած §կայսրությանը¦:

Ե՛վ Լիբանանի, ե՛ւ Սիրիայի հայության ակնկալությունը հայրենի իշխանությունից զինված միջամտությունը չէ անշուշտ, այլՙ դիվանագիտական ազդեցության բանեցումը, առաջին հերթին պաշտոնական Մոսկվայի վրա, որը ռազմաքաղաքական վճռական ներկայություն եւ ազդեցություն ունի այդ տարածաշրջանում: Հայտնապես, տեղի հայերը, եւ ոչ միայն նրանք, իսկապես հուսախաբ են Ռուսաստանից, որը, նրանց թվում է, այժմ ձեռք է քաշել Սիրիայի, հարակցաբար նաեւ Լիբանանի ամբողջականությունը պաշտպանելու սկզբնապես հայտարարված նպատակից: Մերոնց պահանջը հայրենի կառավարությունից այն է, որ օգտագործելով իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետՙ Կրեմլին համոզի զսպել Էրդողանի ախորժակները:

Ըստ երեւույթին մեր ազգակիցները լավ չեն պատկերացնում, որ Հայաստանի նոր, §հեղափոխական¦ իշխանությունները ցարդ ոչինչ չեն արել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեղմ ասած, գործնական եւ արդյունավետ գետնի վրա վերականգնեցնելու ուղղությամբ: Մեր ազգակիցները չեն պատկերացնում, որ Հայաստանի §արտաքին գործոց¦ նախարարությունը խորը ինքնամեկուսացման մեջ է գտնվում եւ իրեն զրկել է ոչ միայն Մոսկվայի, այլեւ կարեւոր մյուս մայրաքաղաքների հետ աշխատելու իրական հնարավորությունից: Այդ եւ այլ մայրաքաղաքներում գտնվող դեսպանատները այժմ փաստորեն վերածվել են ընթացիկ գործեր կատարող հյուպատոսարանների:

Ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ գրեթե ողջ սփյուռքահայությունը չի պատկերացնում, որ ինքը, որպեսՙ այսպես կոչված համազգային եռամիասնության թեւ, կորցրել է իր դիրքը, եթե երբեւիցե ունեցել է: Սփյուռքը Հայաստանի իշխանության օրակարգում չէ այլեւս: Եթե լիներՙ վարչապետին կից հանձնակատարի պաշտոն վարող անձը երկրորդ ագամ չէր արտագաղթի Ամերիկա: Եթե լիներՙ անցնող երկու տարվա ընթացքում հայրենի իշխանությունը առնվազն մեկ անգամ, համավարակը դեռ չսկսած, սփյուռքահայ ներկայացուցիչների հետ խորհրդակցական ժողով կգումարեր:

Առավել մտահոգիչ է այն, որ հայրենի իշխանությունները չեն գիտակցում համահայկական միասնության ճակատագրական նշանակությունը ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում, առանց որի չենք կարող դեմ դնել ոչ միայն Covid-19-ին, այլեւ էրդողանյան virus-ին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ