Նոր նշանակում… դարձյալ քաղաքական թեմայով

67

Հունիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտնեց, որ հաջորդ օրվանից դադարեցնում է իր լիազորությոնները: Նա շնորհակալություն էր հայտնել պատկերասրահի աշխատակիցներին, պատմել, թե միասին ինչ ձեռքբերումներ են ունեցել, թանգարանի միջազգային ճանաչման համար ինչ նախագծեր, նորարարություններ են իրականացրել:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  հաջորդ իսկ  օրը տեղեկացրեց, որ Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը. լրացել է նրա պայմանագրի ժամկետը: Ֆեյսբուքյան էջում նա նաեւ հայտարարել  էր, որ  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է Մարինա Հակոբյանը, որը մինչ այդ աշխատել է պատկերասրահի գիտական քարտուղար:

Արման Ծատուրյանը պատկերասրահի տնօրենն էր 2015  թվականից: Գաղտնիք չէ, որ նա ընկալվում է որպես նախորդ իշխանությունների մարդ, ավելի ստույգՙ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից երաշխավորված, նրա շրջապատից,  յուրային: Արման Ծատուրյանն իր գլխավոր ձեռքբերումը համարում է այն, որ մարդիկ սկսել էին հաճախել պատկերասրահ:  Նրա  աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր: Ոչ Ծատուրյանը, ոչ էլ Արայիկ Հարությունյանը չանդրադարձանՙ ինչու չերկարաձգվեց աշխատանքային պայմանագիրը: Սուսուփուս հարցը փակվեց, նոր նշանակում եղավՙ Մարինա Հակոբյան: Նախարարը ոչ էլ անդրադարձավՙ լա՞վ է աշխատել Արման Ծատուրյանը, գո՞հ է նրա աշխատանքից, թե՞ ոչ:

Մարինա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում աշխատում էր 2005 թվականից: Մայր թանգարանը եւս մշակութային մյուս հաստատությունների նման արդեն մի քանի ամիս աշխատում է առցանց, այսինքնՙ ելումուտ, հավանական թեկնածուների մասին ներքին խոսակցություններ չեն եղել, թեեւ ինքնառաջադրված, տնօրենի պաշտոնի համար պայքարող թեկնածուներ եղել են: Այնուամենայնիվ,  աշխատակիցների, նաեւ շատերի  համար պատկերասրահի տնօրենի պաշտոնում Մարինա Հակոբյանին նշանակելն  անակնկալ էր:

   Այսպիսով, հին կադրի հետ աշխատանքային պայմանագիրը երկարացնելու հարց, առաջարկ  չի եղել, անմիջապես նշանակվել է նոր մարդ, իսկ մենք ապրում ենք այնպիսի իրավիճակում, որտեղ նշանակումները հենց այնպես չեն արվում: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում քաղաքական հայացքներով իշխանական ուժին չհարող մարդ չի կարող նշանակվել: Ի՞նչ արած. նախկինում էլ էր այդպես, հիմա էլ է նույնըՙ  իշխանություններն իրենց դիրքերն ամրացնելու համար քաղաքականացնում են նաեւ մշակույթը: Արման Ծատուրյանի թիկունքին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն էր կանգնածՙ կադրային քաղաքականացված քաղաքականություն, այս նշանակման հարցում հետքերը տանում են դեպի մշակույթի նախկին նախարար եւ այժմ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության նախագահ Լիլիթ Մակունց:

ՆԱԻՐ ՅԱՆ