Հասմիկ Գրիգորյանի լուսանկարըՙ «Օպերա նյուզի» շապիկին

99

Լիտվայի օպերային թատրոնի հայազգի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի լուսանկարը զարդարում է «Օպերա նյուզ» («Օպերայի նորություններ») հանդեսի 2020 թվականի հուլիսի համարի շապիկը:

Երջանկահիշատակ երգիչ Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի երգչուհի Իրենա Միլկեւիչիուտեի դուստր Հասմիկ Գրիգորյանը Վիլնյուսի Քաղաքային օպերայի երկարամյա մենակատար է: Երկու անգամ արժանացել է Լիտվայի «Ոսկե բեմական խաչ» մրցանակին, 2005-ին Վիոլետայի դերերգի համար («Տրավիատա»), ապա 2010-ինՙ «Սուինի Թոդ» մյուզիքլում տիկին Լովիթի դերակատարման համար:

2016-ի մայիսին Հասմիկ Գրիգորյանը Լոնդոնի Միջազգային Օպերայի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն նորեկ» («Երիտասարդ երգչուհի») մրցանակին: Պարգեւատրվել է նաեւ Լիտվայի Արժանյաց շքանշանով, Ասպետի խաչով (2018) եւ 2019-ին ճանաչվել է Լավագույն երգչուհի Միջազգային Օպերայի մրցանակաբաշխությունում: 2017-ին Հասմիկ Գրիգորյանը ելույթ է ունեցել Երեւանում:                                         Ա. Բ.