Եվրասիական ինտեգրման խորացման հեռանկարը որպես քաղաքական առաջնահերթություն

110

Արամ Սաֆարյան, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Կորոնավիրուսի համավարակը գլոբալ տնտեսական օրգանիզմը մղեց դեպի խոր ճգնաժամ: Նվազագույնը առաջիկա տարում աշխարհի մեծ եւ փոքր տնտեսությունները պայքարելու են հանուն տնտեսական անկումից եւ ռեցեսիայից դուրս պրծնելու: Այդ ճգնաժամը մեկ անգամ եւս ապացուցեց, որ գլոբալ աշխարհն այլեւս չի կարող համարվել արդյունավետ եւ պետք է իր տեղը զիջի տարածաշրջանային գործընթացներին: Տնտեսական տարածաշրջանային հին ու նոր կառույցները ավելի դինակիկ եւ ավելի արդյունավետ կզբաղվեն տնտեսությունների վերականգնման փնտրտուքով եւ դրանց հետագա զարգացմամբ: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ երկրների փորձագիտական միջավայրում վերջին շրջանում աշխուժացել է մտքերի փոխանակությունն ու հետազոտությունները այն հարցի վերաբերյալ, թե ինչպե՞ս է ծավալվելու ապագայում Եվրասիական ինտեգրումը:

Երբ ինտերնացիոնալիստների սերունդը հեռանում է…

Դաշնակից երկրների հարգված քաղաքագետները եւ հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ 2025թ., երբ ԵԱՏՄ-ում կհաղթեն ընդհանուր էներգետիկ տարածքը եւ ընդհանուր ֆինանսական տարածքը, կհասունանա հարց, թե ի՞նչ ճանապարհով է դրանից հետո ընթանալու Եվրասիական տնտեսական միությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այժմ, երբ պայքար է գնում ազգային տնտեսությունների գոյատեւման համար, այս թեման ամենաարդիականը չէ: Սակայն ավելի մոտ գալով խնդրին, պարզ է դառնում, որ մեր երկրների քաջատեղյակ փորձագետները, պայծառ ուղեղները հարց են բարձրացնում ինտեգրացիոն գործընթացների խորացման անխուսափելիության մասին որպես արդիականության սպառնալիքներին ու մարտահրավերներին ընդհանուր, կոնսոլիդացված դիմակայման միակ միջոցի:

2025թ. մեր հասարակություններում բնակչության մեծամասնությունը կկազմի անկախության սերունդը: Խորհրդային մարդկանց այժմյան մեծամասնությունը իր տեղը կզիջի նոր սերնդին, որը կամ չգիտե, կամ վատ գիտե խորհրդային իրականության ուժեղ եւ թույլ կողմերը: Եվ այդ ժամանակ նոր սերնդին պետք կլինեն նոր, արդիական արժեքներ, ընդհանուր նվաճումներ ընդհանուր քաղաքակրթական տարածքի կառուցման համար, որը հիմնված կլինի ընդհանուր տնտեսական շահի վրա: Պարզ է, որ այդ նոր հումանիտար նվաճումների եւ նոր արժեքների փնտրտուքը պետք է սկսել արդեն այսօր: Այդ արժեքներից ամենաակնհայտը, ամենավառը, ըստ ամենայնի, Հայրենական Մեծ պատերազմում ընդհանուր մեծ հաղթանակն է: Սակայն հոռետեսները պնդում են, որ երկրորդ նման անվիճելի արժեք կարելի է եւ չգտնել, չնայած խորհրդային իշխանության տարիներին բացասական երեւույթների հետ մեկտեղ խորհրդային ինտերնացիոնալիստների սերնդի հիշողության մեջ ամրորեն մնացել են վառ, հպարտություն եւ արժանապատվություն առաջացնող եւ այլ դրական երեւույթներ եւ պատմության փայլուն էջեր:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն շահագրգռված են երկարատեւ տնտեսական կայուն աճ ապահովելու գործում, ովքեր հասկանում են տնտեսական շրջանայնացման ակնհայտ գրավչությունը, ովքեր կանխազգում են դինամիկ հասարակական, սոցիալական փոփոխությունների անխուսափելիությունը, պետք է մտահոգվեն համապատասխան գիտնականների եւ փորձագետների, քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքագետների ջանքերը մեկտեղելու հարցով, դրական պահանջարկված բովանդակությամբ լցնելու համար վերոհիշյալ դատարկված միջակայքերը: Եվ դա պետք է անեն անկախության սերնդի ներկայացուցիչները հեռացող խորհրդային ինտերնացիոնալիստների սերնդի աջակցությամբ:

Ի՞նչ, եթե ոչ քաղաքական ինտեգրում

Հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման նախօրեին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առարկեց քաղաքական ինտեգրման մասին կետերի առկայությանը եւ հայտարարեց, որ մոտակա տարիներին ուշադրությունը պետք է կենտրոնացնել տնտեսական ինտեգրման վրա: «Սկզբում տնտեսություն, հետո քաղաքականություն» հայտարարեց նա: Դրանից վեց տարի անց, մի քանի օր առաջ, Ղազախստանի երկրորդ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարեց, որ Ղազախստանը չի ուսումնասիրում Ռուսաստանի եւ Բելառուսի հետ Միութենական պետություն ձեւավորելու հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարեց, որ Ռուսաստանը հանդիսանում է Ղազախստանին ամենամոտ երկիրը եւ որ Ղազախստանը ակտիվորեն կմասնակցի ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի զարգացմանը: Այսպիսով, սպասել Ղազախստանի դիրքորոշումների փոփոխությանը Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ քաղաքական ինտեգրման հեռանկարի հարցում, տեսանելի հեռանկարում չարժե: Ակնհայտ է, որ վերջին տարիներին բոլոր դաշնակից երկրներում ճանաչում ստացած կուրսը ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ ընդունելի է նաեւ այն պատճառով, որ տեղ է թողնում բազմամակարդակ համագործակցության համար ետխորհրդային տարածքի ներսում, չմերժելով տարբեր մակարդակի դաշինքների ձեւավորումը տարբեր երկրների համար, ավելի խորը ինտեգրման գործում տարբեր պատրաստակամության աստիճանով: Իմ բոլոր փորձագետ գործընկերները դաշնակից երկրներում ինձ հետ միակամ են եղել ավելի խորը ինտեգրման ընկալման հարցում: Տնտեսական համագործակցության հաջողությունը ինտեգրացիոն տարածքում, վաղ թե ուշ, պետք է հանգեցնի քաղաքական ինտեգրման անխուսափելիության ընկալմանը: Սակայն ճիշտ է եւ այն, որ տնտեսական շահը պետք է ավելի ակնհայտ լինի եւ ավելի անվիճելի, եւ եթե այժմ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հաղթահարման դարաշրջանում չմտածենք ինտեգրացիայի, կոոպերացիայի, ջանքերի համատեղման, համատեղ նախաձեռնությունների տարածքի ընդլայնման ներուժի օգտագործման մասին, ապա դա կլինի սխալ եւ բաց թողնված հնարավորություն հետագա կայուն զարգացման գործընթացի տեսանկյունից:

Աշնանը Երեւանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կառավարությունների ղեկավարների մակարդակով: Հայկական փորձագիատական հանրությունը երկրի առաջատար քաղաքական ուժերի եւ Ռուսաստանի եւ մյուս երկրների ազդեցիկ գիտնականների ու գործընկեր փորձագետների հետ միասին կարող էր այդ նշանակալից իրադարձությանը առնչել փորձագիտական հանրության կոնսոլիդացված մի նախաձեռնություն, որտեղ կհնչեին ինտեգրման հեռանկարին վերաբերող դիրքորոշումներ եւ տեսակետներ եւ որտեղ կկենսագործվեր տարբեր երկրներում առկա բազմապիսի ներուժը:

Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժերը դժվար թե այսօր պատրաստ լինեն քննարկելու Ռուսաստանի հետ Միութենական պետություն ձեւավորելու հարցը: Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը գերազանց գիտակցում է, որ Հայաստանի ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների հետ այս հարցը չի կարելի քննարկել: Արժե հիշեցնել, որ 1998-99թթ. հավաքվեց ավելի քան 1 միլիոն Հայաստանի քաղաքացիների ստորագրություն, որով ցանկություն էր հայտնվում դառնալու Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության երրորդ անդամ: Այն ժամանակ այդ հարցը չմտավ Հայաստանի քաղաքական կյանքի պաշտոնական օրակարգ: Այսօրվա ուժերի հարաբերակցության պարագայում դա էլ ավելի բարդ կլինի: Եվ եթե նույնիսկ Ռուսաստանի հայկական վերնախավի մեջ կան այդ ընդհանուր արժեքների կրողներ, ապա Հայաստանի քաղաքական դաշտում շատ չեն գտնվի նման հոգեկերտվածքով գործիչներ: Օրերս, շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց պատրաստակամությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանականերում ամենասերտ համագործակցության հարցում: Սա եւս մեկ ազդանշան է, որպեսզի համագործակցության ներուժը համակողմանիորեն բացահայտվի ոչ միայն երկկողմ ձեւաչափում, այլ հենց այդ եզակի հարթակների վրա:

Պատրաստ լինել նոր կայուն տնտեսական աճի

Ռուսաստանի կառավարությունը, ուսումնասիրելով առկա ռեսուրսները ներկա տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքների հաղթահարման համար, կանխատեսել է, որ մինչեւ 2021թ. առաջին կիսամյակ կկարողանա հաղթահարել տնտեսական անկումը եւ կայունացնել իրավիճակը, իսկ 2021թ. կեսերից նաեւ դուրս գալ կայուն տնտեսական աճի մայրուղի: Չնայած հոռետեսների առարկություններին, կարելի է համարձակ պնդել, որ դա այդպես էլ կլինի, որովհետեւ Ռուսաստանը գտնվում է նախագահական ընրությունների նախաշեմին եւ քաղաքական վերնախավը Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ամեն ինչ անելու է տրված խոստումները իրականացնելու համար: Այսպիսով, մեր երկիրը կարող է հավակնել տեսանելի հեռանկարում որոշակի աճ եւ զարգացում արձանագրելու հենց այնպես, ինչպես դա տեսական մակարդակով ըստ պատշաճի ձեւակերպվել էր անցած 2019թ. վերջում եւ 2020թ. սկզբում: Կցանկանայինք համոզմունք արտահայտել, որ մեր տնտեսագետների եւ կանխատեսողների հաշվարկները կիրականանան այնպես, ինչպես մենք դա ներկայացրել էինք «Ազգի» էջերում տարվա սկզբին:

Տարեց-տարի կուտակվում է արժեքավոր համագործակցության փորձ ԵԱՏՄ շրջանակներում: Գալիք հինգ տարին հենց եվրասիական տնտեսական ինտեգրման հետ է կապվում Հայաստանի հույսը վերամշակող արդյունաբերությունը եւ ռազմաարդյունաբերական համալիրը, ինչպես նաեւ զբոսաշրջությունն ու ծառայությունների համակարգը զարգացնելու հարցերում:

Ինտեգրման առաջին հինգ տարիների փորձը պարզորեն ցույց տվեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրները ավելի հաջող են օգտվում ինտեգրման կողմից ստեղծվող պտուղներով ու հնարավորություններով: Արդյոք այդ գործընթացը շարունակական կլինի՞ նաեւ հաջորդ հինգ տարիներին: Մենք պնդում ենք, որ մի ամբողջ շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններից ելնելով, դա հենց այդպես էլ լինելու է: Հայաստանն արտադրում է ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի 1%ից պակաս մասը: Սակայն մեր ինտելեկտուալ միտքը իր որակն ապացուցել է միջազգային հարթակներում եւ պատրաստ է միավորելու ջանքերը Ռուսաստանի եւ դաշնակից երկրների գործընկերների հետ եվրասիական ինտեգրման շրջանականերում զարգացման նոր ուղիներ փնտրելու համար: Ուղղակի անհրաժեշտ է, որ դաշնակից երկրների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տրամադրված լինեն փորձագիտական հանրության համագործակցության եւ փոխգործակցության նոր ձեւերի ուղղորդմանը: Չէ՞ որ փորձագիտական հանրությունը, որը հասկանում է եվրասիական ինտեգրման գործընթացի կարեւորությունը եւ պատրաստ է հետեւողական ջանքեր գործադրելու ինտեգրումը ամրապնդելու եւ խորացնելու, ընդհանուր քաղաքակրթական տարածքը կառուցելու եւ ամրապնդելու համար, եւ եթե գտնվեն պարզ, բոլորին հասկանալի ուղենիշներ շարժման համար, եթե միջազգային անբարենպաստ տնտեսական եւ քաղաքական իրողությունները այսուհետեւ էլ ստիպեն մտահոգվելու իրենց քայքայիչ հետեւանքներով, եթե միասնական ապագայի կողմնակիցները ժամանակի ընթացքում ոչ թե պակասեն, այլ ավելանան, եւ եթե, վերջապես, մեր երկրներում գերակշռեն համագործակցության եւ դաշինքի տրամադրությունները, ազգայնամոլության, էգոիզմի, մեկուսացման, մեծամտության եւ մեծապետականության տրամադրությունների հանդեպ, ապա կարելի կլինի հաստատել, որ մոտակա հինգ տարիներին, որոնք բաց են թողնված ինտեգրման օրացույցով, կհաջողվի ծավալել տեսանելի երկարատեւ հեռանկարում  մեզ միասին ավելի ուժեղ  դարձնող մոդելների եւ արժեքների ստեղծագործական փնտրտուք: