Պլեբեյների ժամանակը

181

Պլեբեյները հին Հռոմի ցածր խավի ներկայացուցիչներն էին, որոնք, ըստ հռոմեացի պատմիչների, արհեստագործներ ու առեւտրականներ էին, բայց ոչ հողագործներ. հող ունենալու եւ մշակելու իրավունքը տրված էր միայն պատրիկներին: Վերջիններս համարվում էին ազնվականներ, քանի որ սերվում էին տոհմերից, այսինքն գիտեին իրենց նախնիներին եւ նրանց պատմությունը: 

Սակայն, կարեւոր տարբերությունը հռոմեական այս խավերի միջեւ այն էր, որ պատրիկները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեին, իսկ պլեյբեները, որոնք չունեին տոհմական ու ժառանգական հիշողությունՙ ոչ: Ու սա թերեւս ամենակարեւորն էր, չէր կարելի իշխանությունը եւ առավել եւս քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը վստահել մեկին, որը չունի ժառանգական հիշողություն ու իրեն չի կապում այն հող ու ջրին, որի վրա ապրում էր:

Ժամանակի ընթացքում սակայն պլեբեյները սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար, իսկ քանի որ Հռումի կայսրները կարիք ունեին մեծ թվով քաղաքացիների աջակցության, նրանք սկսեցին օգնել պլեբեյներին պատրիկների դեմ պայքարումՙ հավասար իրավունք ունենալու համար: Հենց պլեբեյներին գոհացնելու համար էր, որ Հռոմի կենտրոնում Վեսպասիանոս կայսեր հրամանով կառուցվեց հայտնի Կոլիզեյը (ք.ա.70-80թթ), որը պետք է բավարարեր ամբոխի հաճույքը գլադիատորական մարտեր կազմակերպելու միջոցով:

Հայերենով երբեմն հնչող §հաց եւ տեսարաններ¦ արտահայտությունը առաջին անգամ օգտագործվեց եւս Հռոմում հայտնի կատակերգու Յուվենալոսի հայտնի պոեմներից մեկում, ինչը լատիներեն բառացի հնչում է panem et circenses եւ կարելի է թարգմանել նաեւ որպես §հաց եւ կրկես¦ ձեւով, ինչը կարծում եմ ավելի իրական է պատկերացում տալիս այն ամենի մասին, որը հարկավոր էր պլեբեյին:

§Հաց եւ կրկես¦, այսինքն բավարար է պլեբեյին ապահովել հացով եւ զավեշտալի կամ քստմնելի տեսարաններով, եւ նա գոհ կլինի եւ պատրաստ աջակցելու նրան, որը այդ ամենը իրենց կխոստանա: Պլեբեյը գաղափարից զուրկ անձ է, որին կարելի է վերագրել նաեւ հայկական հայտնի արտահայտությունըՙ §որտեղ հացՙ այնտեղ կաց¦ ձեւակերպումը. հենց այսպես են մտածում մեր շատ հայրենակիցներ, որոնք ՀՀ-ից հեռանում են հենց այս §գաղափարաբանությամբ¦: Ու տեղավորվելով հացով ու տեսարաններով ավելի §ապահով¦ վայրերումՙ հեռվից հեռու խորհուրդներ են տալիս, թե ինչպես ապրել պլեբեյի կյանքով եւ ինչ տեսարաններ դիտել: Պլեբեյիզմի այս տեսակը բավականին շատ է աշխարհի տարբեր երկրներում, սակայն Հայաստանի համար այն վտանգավոր է, քանի որ պլեբեյը անպատասխանատու է եւ կտրված լինելով իր հողից եւ Հայրենիքի զգացողությունիցՙ պատասխանատվություն չի կրում ու ամեն ինչի համար մեղադրում է ուրիշներին, այդ թվում իր §չարքաշ¦ ու անփառունակ կյանքի համար:

Այսինքն, պլեբեյը ոչ միայն գաղափարից, այլ նաեւ Հայրենիքից ու առավել եւս պետականություն հասկացողությունից զուրկ անձ է, որին ոչ միայն այդ ամենը չի հետաքրքրում, այլեւ պատրաստ է այդ ամենը վտանգի տակ դնել §հաց եւ տեսարաններ¦ հայտնի իրականությանն առնչվելու համար: Որովհետեւ նա ապրում եւ գոյատեւում է այդ §բավարարվածությամբ¦, այլ բան նրան չի հետաքրքրում, հայրենիքի գաղափարը նրա համար սին է եւ սուտ, եթե այն չի ապահովում իր անձին հացով եւ զվարճանքներով: Հենց այս փաստով է նաեւ բացատրվում այդքան մեծ արտագաղթը Հայաստանից, եւ իրականության մեջ դա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ ուղղակի կապ այդքան էլ չունի:

Ի տարբերություն պատրիկների, որոնք հողատեր էին եւ կրում էին ռազմական գործի պատասխանատվությունը այդ հողատարածքները պաշտպանելու եւ ընդլայնելու համար, պլեյբեյները զինվորական գործը իրենց վրա էին վերցնում միայն փողի համար, այսինքն նրանք ընդամենը վարձկաններ էին, որոնք կռվում էին փողի համար, այլ ոչ հայրենիքի պաշտպանության: Ի դեպ, միջնադարյան Հայաստանում եւս ռազմական գործի ողջ պատասխանատվությունը կրում էին ազնվականները, օրինակ Կիլիկյան Հայաստանում ռազմական ծառայությունը ազնվականների համար պարտադիր էր, այն դեպքում, երբ մյուսները այն իրականացնում էին որոշակի վարձի դիմաց:

Ինչեւէ, պատրիկների ու պլեբեյների այս պայքարը սկսված դեռ հին Հռոմիցՙ իր մեջ լիարժեքորեն արտահայտում էր հանուն պետության եւ հանուն ամբոխի համար մղվող մրցակցությունը: Եվ երբ այդ պայքարում հաղթանակեց պլեբեյը, այսինքնՙ ամբոխը, ապա սկսվեց պետական համակարգի քայքայման սկիզբըՙ ազնվությանն ու արժանապատվության վրա հիմնված գաղափարախոսությանը եկավ փոխարինելու ամբոխին հաճոյանալու մարմաջը, ընդամենը §հացի եւ կրկեսի¦ ապահովման հարցը:

Հիշում եք §մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք¦ հայտնի արտահայտությունը, արված ժամանակին Վազգեն Սարգսյանի կողմից: Դա փորձ էր հակադրվելու հայտնի §հաց եւ կրկես¦ հռոմեական արտահայտությանը: Այսինքն փորձելու ստեղծել պետական մի համակարգ, որտեղ կկարեվորվի գաղափարականը, այլ ոչ նյութականը, որտեղ մարդիկ կմարտնչեն իրենց Հայրենիքի համար եւ կստեղծեն հզոր պետությունՙ ելնելով սեփական արժանապատվությունից ու իրենց նախնիների արժեքները պահպանելու ձգտումից:

Սակայն ժամանակը ցույց տվեց հակառակը. մենք ոչ միայն կրկեսի վերածվելու հայրենիք ունենք, մենք նաեւ այն §որբի գլուխն ենք¦, որը ով պատահի կխուզի: Անգաղափար ու տգետ հասարակությունը վտանգ է յուրաքանչյուր ցանկացած պետականության համար, քանի որ, ինչպես դասականը կասեր, §վերածվում է որբի գլխի, որն ով կուզենա կխուզի¦:

Ու եկենք անկեղծ լինենք, որ լավ էլ խուզեցին, ու եթե այլ երկրներում այդ խուզողները մեծ տերություններն էին, օրինակ Վրաստանում հայտնի §վարդերի¦ հեղափոխությունը կատարվեց ԱՄՆ անմիջական աջակցության պայմաններում, ապա ՀՀ-ի դեպքում այդ դերում հանդես եկավ միջազգային մի հիմնադրամ, որը ոչ միայն կրկեսի վերածեց մի ամբողջ պետությունՙ զավթելով նրա կառավարման համակարգը, այլեւ մի ամբողջ ժողովրդի, որին ստիպեց փողոց դուրս գալ ու իշխանության բերել այն մարդկանց, որոնց նրանք նշանակել էին: Հայաստանի §փորձը¦ այս առումով բացառիկ է, քանի որ պետությունը փաստացի գտնվում է տարիներով ՀՀ-ում ստեղծված ազդեցության գործակալական ցանցի փաստացի կառավարման ներքո, ինչը լրջագույն սպառնալիք է նրա ապագային:

Ժամանակը ցույց տվեց, որ գաղափարազուրկ պլեբեյը, որն իր շահերից ավելի ոչինչ չի ճանաչում, միավորվում է այն անձի շուրջը, որը լավագույնս չի կարող արտահայտել իր ցանկությունները, ու թքած թե այդ ամբոխավարությունը իրական սպառնալիք է պետության համար: Իսկ անձի շուրջ միավորվող զանգվածը, զուրկ ազգային գաղափարախոսությունից, վերածվում է հոտի, որի ցանկությունն է իր հոտային-բնազդային իղձերի իրականացումը:

Հոտի վերածված ժողովուրդները իրականացնում են այն ամենը, ինչը նրանց պարտադրվում է եւ դա որպես կանոն հակասում է նույնիսկ նրանց հեռահար շահերին, քանի որ պետության թուլացումը հարված է բոլորին, այդ թվում եւ պլեբսին: Սակայն հեռահար-ռազմավարական մտածելակերպը հատուկ չէ նրանց, այլ կարեւոր է այսրոպեական շահի ու ցանկությունների իրականացումը, իսկ թե ինչ կլինի հետոՙ թքած ունենա:

20-21րդ դարերում շատ կառավարություններ են այս երեւույթի արդյունքում կործանվել, հիշենք մուսոլինյան Իտալիային կամ ասադյան Սիրիային, որոնցից առաջինը ջախջախվեց, իսկ երկրորդը քայքայվեց օտար բանակների եւ ահաբեկչական վարձկան խմբերի ոտքի տակ, նույն այդ երեւույթի հետեւանքով: Սակայն, թվում էր թե մենք չենք կարող թույլ տալ նման շռայլություն ու պետությունը հարվածի տակ դնել, բայց ժամանակը ցույց տվեց, որ վերջին 30 տարվա անկախ գոյության ընթացքումՙ կրթական ու մշակութային համակարգերի քայքայման արդյունքում առաջացել է պլեբեյների հայկական տեսակը, որը չունենալով պետական մտածելակերպ, այն փոխարինում է իր նեղ անձնական շահերով եւ վտանգում պետության գոյությունըՙ նույնիսկ չհասկանալով թե իրականում ինչ է անում: