Ո՞վ կամ ովքե՞ր են միջնորդի դերն ստանձնելու

73

Նախորդ շաբաթվա սյունակիս նյութը խորհրդարանն էր, ավելի ճիշտՙ խորհրդարանի անգործությունը համավարակի եւ դրանով պայմանավորված ներհասարակական ու ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում մեր անզորության պատճառների քննությունը: Փորձել էի ցույց տալ, որ Հայաստանը, որպես ինքզինք խորհրդարանական հռչակած պետություն, ներկայիս հայտնվել է անհեթեթ իրավիճակում, որտեղ երկրի կարեւորագույն խնդիրները արծարծվում, քննարկվում եւ հանձնարարություն են դառնում ոչ թե Ազգային ժողովում, այլՙ մեկ մարդու ուղեղում: Անհակակշիռ մի վիճակ, որի անհեթեթ լինելը հավելյալ ապացույցների կարիք չի ունենա, եթե գիտակցենք, որ մեկ անձը, այս պարագայումՙ գործադիր իշխանության ղեկավարը, անհամեմատելիորեն ավելի մեծ կշիռ եւ ուժ ունի, քան մի ամբողջ Ժողով, որից, ըստ օրինի, §ծնվել է¦ այդ ղեկավարը:

Հոդվածի հրապարակումից մեկ շաբաթ անց, այսօր, հակառակ խորհրդարանական եւ արտախորհրդարանական որոշ ուժերի միավորման ջանքերին ու կոչերին, դժվար է ակնկալել, որ խորհրդարանական մեծամասնությունը ի վերջո ուշքի կգա, հոգեփոխություն կապրի եւ իր ձեռքը կվերցնի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները եւ վերջապես կդադարի անհեթեթ եւ անժամանակ օրենքներ ընդունող ֆաբրիկա լինելուց: Նման հույսերը վերջնականապես հօդս ցնդեցին, երբ, ինչպես հաղորդվում է մամուլում, §Իմ քայլը¦ խմբակցության նախորդ օրը տեղի ունեցած նիստում որոշվել է հակահարված տալ խորհրդարանական գլխավոր ընդդիմության առաջնորդին ու նրա հետեւորդներինՙ վարկաբեկման եւ հին ու նոր §գործերի¦ հարուցման մարտավարությամբ: Այսինքն ոչ թե քաղաքական գետնի վրա, այլՙ անձնական, անհատական նշանառությամբ, ինչպես եղավ ընդդիմադիր մյուս խմբակցության պարագայում:

Չեմ ուզում չարագուշակություններ անել, սակայն ակնհայտ է, որ հետզհետե մեր երկիրը գնում է ներքին բախումնային վիճակի, եւ արտակարգ դրության երակարաձգվող ռեժիմը դժվար թե զսպօղակ լինի հակակառավարական եւ կառավարական ուժերի միջեւ ծայրահեղությունների սրման:

Հետեւաբար, անհրաժեշտ է ամեն գնով կանխել այդ վտանգը, որը կարող է անդառնալիի կետին հասցնել կացության վատթարացումը թե անվտանգության, թե տնտեսության, թե ազգաբնակչության առողջության տեսակետից:

Սակայն կանխիչ աշխատանքներ կատարելու համար ներկա պահին մենք զրկված ենք միջնորդական որեւէ հարթակից, որը նման պարագաներում օգտագործվել եւ օգտագործվում է շատ երկրներում: Դա կարող է լինել եկեղեցական-հոգեւոր կառույց կամ առաջնորդ, ակադեմիա կամ ակադեմիկոսներ, գիտնականներ, նախկին պետական գործիչներ եւ նույնիսկ նախագահներ ու վարչապետեր, մշակութային հայտնի գործիչներ եւ արվեստագետներ, զինվորականներ, մեկ խոսքովՙ վերնախավիՙ էլիտայի անդամներ: Այսինքն անձնավորություններՙ որոնք հայտնի են իրենց ուղղամտությամբ, քաղաքական անշահախնդրությամբ եւ քաղաքացիական արիությամբ, որոնց ակնածում է հասարակությունը: Ունե՞նք նման մարդիկ, անշուշտ, թեեւ քիչ, բայց ունենք: Սակայն որպես գործոն, որպեսՙ թեկուզ փոքր հավաքականություն նրանք չկան հրապարակում: Անկախությունից հետո հաջորդական իշխանությունները ջանք չեն խնայել նրանցից շատերին նսեմացնելու, խեղճացնելու, կամ, ընդհակառակն, նրանց տիտղոսներով ու շքանշաններով հլու-հնազանդ դարձնելու համար:

Արդյունքըՙ մենք այսօր էլիտ չունենքՙ բառի ֆրանսական իմաստովՙ elite: Մենք չունենք նաեւ համապատասխան մամուլ, որը կարող էր դառնալ հասարակության տարբեր խավերի ու շերտերի, քաղաքական տարբեր խմբավորումների, այս պարագայումՙ իշխանության եւ ընդդիմության միջեւ իրարհասկացողության եւ համաձայնության գալու հարթակ: Ընդհակառակն, լրատվամիջոցների մեծ մասը եւ լրագրողներն իրենք, որեւէ ժամանակից ավել հիմա խրամատավորվել են դեմ-դիմաց եւ կրակում են անդադարՙ հաճախ առանց նշանառության:

Հիմա, այս անել կացությունից դժվար է ելք գտնել, առաջարկել: Ելքը պետք է գտնեն հակադիր կողմերից դուրս տակավին հեղինակություն եւ հասարակական վստահություն վայելող մարդիկ, առանց վախենալու խծբծանքներից ու ֆեյսբուքյան հայհոյանքներից: Դրան պետք է աջակցենք բոլորս, բոլոր առողջ մնացած ուժերով: Եթե չենք ուզում, որ այդ §ելքը¦ մեր փոխարեն գտնեն օտար ուժերը: