Բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը թիթեռի կյանք ունի. կառավարությունը լճացման մեջ է գտնվում

129

Սովորաբար պետական համակարգի կառավարման մեջ ճգնաժամն սկսվում է այն ժամանակ, երբ հաջորդաբար աշխատանքից ազատվում-հեռացվում կամ հրաժարական են տալիս բարձրաստիճան պաշտոնյաները: Չնայած` ըստ որոշ պնդումների, այդ երեւույթը ոչ թե ճգնաժամի պատճառ է, այլ` հետեւանք ախտանշան: Ինչեւէ, դառնանաք բուն ասելքին. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն վաղուց գտնվում է ճգնաժամի մեջ եւ այդ ճգնաժամի հրովարտակն արձակել են նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը` անցյալ տարվա սեպտեմբերին գրած աշխատանքից ազատման դիմումներով: Դեռ այն ժամանակ քաղաքագետները հստակ արձանագրեցին, որ գործող կառավարությունը  լճանում է: Այդ գործընթացի նախակարապետն էր Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, որը պարզապես չցանկանալով մտնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերցման եւ դատական համակարգի փոփոխման անհեռանկար եւ վտանգավոր, ոչինչ չխոստացող զարգացումների մեջ եւ հրաժարականի դիմում ներկայացրեց:

Իհարկե, իշխանական եւ մերձիշխանական մամուլն սկսեց հակադարձել` քար ու ցեխ նետելով Օսիպյանի ու Վանեցյանի վրա եւ պնդելով, որ նրանք գետնին են գցել իրենց ուսադիրները: Գուցե ոմանք հավատ ընծայեին այդ հայտարարություններին, եթե հրաժարականներն ու հրաժարեցումները պարբերական բնույթ ձեռք չբերեին եւ չշարունակվեին… մինչ օրս:

Թե որքան կարեւոր մարդիկ են հրաժարականներ ներկայացրել եւ որքանն են ազատվել աշխատանքից, հստակ հնարավոր չէ ներկայացնել մեկ հոդվածում, որովհետեւ այդ անունները շատ են, մի քանի տասնյակի հասնող: Խոսենք միայն 2020 թվականի հունվար-հունիս ամիսների մասին: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել-հեռացվել կամ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել`

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանն ու նրա տեղակալ Գայանե Զարգարյանը, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանը, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը (ի դեպ, հունվարի 13-ին դրությամբ ՊԵԿ-ում 937 հոգի արդեն ազատվել էր աշխատանքից), Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Այս ցանկն ամբողջական չէ, իհարկե, այստեղ նշված են միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք հրաժարվել կամ հեռացվել են աշխատանքից, հիշեցնեմ` միայն վերջին վեց ամիսներին տեղի ունեցածները:  Իսկ թե որքան, թող ներվի ասել, մանր ու միջին հրաժարականներ են եղել, դժվար է հաշվել: Դա խոսում է այն մասին, որ Փաշինյանն ընդունակ չէ ղեկավարել` զիջումների գնալով, եւ զիջումների գնալով` ղեկավարել: Վերջին ամիսներին լուրեր են պտտվում նաեւ փոխավարչապետ Տիգրան Ավինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու եւս մի քանի այլ պաշտոնյաների լարված հարաբերությունների մասին վարչապետի հետ: Տարածվող խոսակցությունների համաձայն` վերջինս լուրջ բախում է ունեցել նրանց հետ, որի պատճառով առաջիկայում սպասվում է նաեւ նրանց հրաժարականը:

Սովետի ժամանակ այս երեւույթը կոչվում էր §կադրերի հոսունություն¦, եւ համարվում էր տվյալ կազմակերպության կամ ձեռնարկության վատառողջության նշանՙ արժանի կենտկոմի կտրուկ միջամտության…