Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել

72

Այսօր` հունիսի 12-ի առավոտյան, Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի հանրապետության մի քաղաքացի: Սահմանախախտին հայտնաբերել է գյուղի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը: Azgonline.am-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ նա դիմադրություն ցույց չի տվել` հավելելով, որ ըստ պատմածի` 26 տարեկան է, մայրն ուկրաինուհի է, որը վաղուց լքել է իրեն, հայրն` ադրբեջանցի, որը վաղուց մահացել է, իսկ ինքն էլ մինչև 16 տարեկանն ապրել է մանկատանը: Այնուհետև սկսել է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին կից գյուղերից մեկում գտնվող ֆերմաներից մեկում, սրի սեփականատիրոջ հետ էլ օրերս վիճել է և լքել երկիրը. «Նա ժամը 23:00-ի հատվածում է շարժվել մեր սահմանի ուղղությամբ, շրջանցել է դիրքերն ու Ճամբարակի հատվածով անցել: Ինձ ասաց, որ 26 տարեկան է, անունը չեմ հիշում, ազգանունն Ալիև է: ԱԱԾ աշխատակիցներն արդեն իրականացրել են համապատասխան գործողություններ»- հայտնեց Ն. Վարդանյանը:

Azgonline.am-ը զրուցեց նաև տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչների հետ, որոնք վստահեցրին, որ որևէ խուճապ չկա, ըստ ամենայնի սահմանախախտը մոլորյալ հովիվ է, ով չի էլ հասկացել ինչ է անում և հիմա արդարանում է` ասելով թե դիտմամբ է եկել. «Ումի՞ց վախենանք, թուրքի՞ց, չէ, ախպեր, չենք վախենում»- ծիծաղելով ասաց Azgonline.am-ի զրուցակիցներից մեկը: Դեպքի առթիվ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԱԾ-ն. «Հաղորդագրություն Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները»- ասված է հայտարարության մեջ: Ավելի ուշ պարզվեց, որ սահմանախախտը Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիևն է: