Եկող տարվանից վճարելու ենք տասնյակ անգամներով բարձր գույքահարկ

62

Կառավարությունը հաստատեց շինությունների եւ հողի գույքահարկի նոր դրույքաչափերը, որոնք, ըստ ֆինանսների նախարարի, 4,3 անգամ բարձր են լինելու գույքահարկի գործող դրույքաչափերից։ Իրականում գույքահարկը տասնյակ անգամներով է բարձրանալու։

Կառավարությունը գույքահարկ է բարձրացնում հենց այն պահին, երբ երկիրը գտնվում է տնտեսական եւ առողջապահական համակարգի խորը ճգնաժամի մեջ։ Արդարացումը, որ դա կյանքի է կոչվելու եկող տարվանից եւ աստիճանաբար, ոչինչ չի փոխում, քանի որ հայտնի չէ, թե այս ճգնաժամը որքա՞ն է շարունակվելու եւ ի՞նչ հետեւանքներ է ունենալու մարդկանց սոցիալական վիճակի վրա։

Գույքահարկի բարձրացմամբ բանկային գաղտնիքի բացահայտելու հնարավորություն ստանալու եւ ապօրինի գույքը առանց դատարանի որոշմամբ բռնագանձելու օրենքների ընդունումից հետո երկրի գործարար եւ ներդրումային միջավայրին եւս մեկ խանր հարված է հասցվում։  

Նիկոլ Փաշինյանի այն արդարացումը, որ այս օրենքով հավելյալ հարկում ենք ճոխությունը, իսկ էժան գույք ունեցողների համար գույքահարկն էապես չի ավելանալու, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին, այն ավելի շատ թանկանալու է հենց էժան գույք ունեցողների, այլ ոչ թե թանկ գույք ունեցողների համար։ 

Բանն այն է, որ ըստ կառավարության հիմնավորման, նոր նախագծով գույքը հարկվելու է հիմք ընդունելով ոչ թե ներկայիս անհամեմատ ավելի ցածր կադաստրային արժեքը, այլ՝ էապես բարձր շուկայական արժեքը։ Բացի դրանից, հարկվելու են ոչ թե «հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքա­յին միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինու­թյունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը»։ Այսինքն, եթե առանձին շինությունը եւ առանձին հողը ունեին ավելի ցածր արժեք եւ հարկվում էին հիմք ընդունելով նրանց ներկայիս ցածր կադաստրային արժեքները, ապա նոր օրենքով՝ միասին վերցրած շուկայական արժեքը։

Ամենակարեւորը՝ հարկման դաշտից դուրս գույք այլեւս չի լինելու։ Ներկայումս մինչեւ 3 մլն դրամ գնահատված արժեքով շինությունները չեն հարկվում, իսկ դա նշանակում է, որ սոցիալապես անապահովներն են օգտվում այդ հնարավորությունից։ Այսուհետ՝ բոլորն են հարկվելու։

«Մենք զուտ բանաձեւով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել եւ պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ: Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում, որովհետեւ այսօր մեծ դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ», սա ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նախ՝ փաստենք, որ 1 դրամ արժեքով գույքահարկ չկա։ Հրապարակմանը կից բերված՝ ներկայումս գործող սանդղակում նշված է, որ 3 մլն-ից մինչեւ 10 մլն գնահատված արժեք՝ այսինքն հարկման բազա ունեցող գույքի գույքահարկի նվազագույն չափը 100 դրամն է՝ գումարած 3 մլն դրամը գերազանցող արժեքի 0,1 տոկոսը։ Այս դեպքում, եթե հիմք ընդունենք գույքահարկի նվազագույն չափը՝ 100 դրամը, ապա Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ այն բազմապատկելով 300-ով կամ 400-ով, կստանանք 30-40 հազար դրամ։ Հուսանք, որ սա պարզապես հերթական սխալ արտահայտությունն է եւ գույքահարկն այդ չափով չի բարձրանա։ 

Վարչապետի բերած երկրորդ օրինակը ՝ «500 դրամը 200 տոկոսով ավելանալու դեպքում պետք է վճարվի 1000 դրամ» նույնպես հեռու է իրականությունից։ Նախ՝ 500 դրամը 200 տոկոսով ավելանալու դեպքում գույքահարկի գումարը կկկազմի ոչ թե 1000 դրամ, այլ 1500 դրամ։ Սակայն սա չի էականը։

Եթե ներկայումս 500 դրամ է վճարում, ըստ գործող սանդղակի 3,4 մլն դրամ գնահատված գույք ունեցողը (100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0,1 տոկոս), ապա նոր օրենքի գործարկումից հետո այդ թիվը բազմապատիկ կավելանա, քանի որ նոր օրենքով, ինչպես արդեն նշեցինք, հիմք է ընդունվելու գույքի շուկայականին մոտ արժեքը։ Դիտարկենք կոնկրետ օրինակ։

Ենթադրենք Երեւանի ծայրամասում գտնվող գտնվող երկու սենյականոց բնակարանի համար սահմանված է 500 դրամ գույքահարկը, որը հաշվարկված է՝ հիմք ընդունելով այդ բնակարանի կադաստրային արժեքը։ Ի՞նչ է տեղի ունենալու նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս գույքի հետ։

Եթե վերոնշյալ բնակարանի շուկայական արժեքը լինի, օրինակ՝ 20 մլն դրամ, ապա այն ընկնելու է «10 միլիոն դրամից մինչև 25 միլիոն դրամը ներառյալ» հարկման բազայում։ Գույքահարկն այդ գույքի դեպքում կլինի 5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0,1 տոկոսը։ 10 մլն դրամի 0,1 տոկոսը 10 հազար դրամ է, որին եթե գումարենք 5000 դրամը, ապա վերոնշյալ բնակարանի գույքահարկը կկազմի 15000 դրամ, այլ ոչ թե 1000 դրամ, որը ներկայումս վճարվող 500 դրամ գույքահարկը գերազանցում է 30 անգամ։  

Ամենաէժան գույքը, որի կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն դրամը եւ որոնք ազատված են գույքահարկի վճարումից, ունեն շուրջ 275 հազար ընտանիքներ կամ ավելի քան 1 մլն մարդ։ Նոր օրենքի ընդունումից հետո նրանք բոլորը դառնալու են գույքահարկ վճարող։ Ավելին, նրանց միայն չնչին մասն էհայտնվելու մինչեւ 10 մլն դրամ արժեքով բնակարան կամ մինչեւ 7 մլն դրամ արժեքով անհատական տուն ունեցողների մեջ, քանի որ գույքը շուկայական արժեքով գնահատելիս, մեծ է հավանակությունը, որ այդ գույքի մեծ մասը հայտնվելու է 10 մլն-ից մինչեւ 25 մլն դրամ հարկման բազա ունեցող բնակարանների կամ 7 մլն-ից 23 մլն դրամ հարկման բազա ունեցող անհատական տների տողում։ Հետեւաբար, նրանց չնչին մասն է վճարելու նվազագույն դարձած 5000 դրամը բնակարանների դեպքում կամ 3500 դրամ՝ անհատական տների դեպքում։ Մեծ մասը կհայտնվի բնակարանների դեպքում՝ 6000-20000 դրամի, անհատական տների դեպքում՝ 4000-19500 դրամ սահմաններում վճարվելիք գույքահարկի դաշտում։

Ահա այսպիսի «ժողովրդի» վարչապետ եւ կառավարություն։

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ