Բաքվի սպառնալիքների մասին

65

Արցախում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո Բաքվից սպառնալիքներ տեղացինՙ խոսել §միայն ուժի լեզվով, որի կիրառմամբ մենք Հայաստանի օկուպացիոն ուժերին կստիպենք թողնել մեր տարածքը¦: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մայիսի 31-ի հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ ձեռնարկվելիք միջոցները կլինեն ավելի խորտակիչ եւ ավերիչ, քան 2015, 2016, 2018 թվականներին:

Ադրբեջանի համար Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ սկսելը կնշանակեր իրեն դատապարտել միջազգային մեկուսացման, ինչը, ի դեպ, ակնարկում են Արեւմուտքումՙ զգուշացնելով, որ չդիմի նախահարձակման: Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես Թուրքիայի սկիզբ կամ դրա վերջավորությունՙ դավանելով §մեկ ազգ, երկու պետություն¦ կարգախոսը: Ինչ վերաբերում է Մոսկվային, Անկարայի հետ Բաքվի ռազմավարական դաշինքի պայմաններում Բաքվի կողմը բռնելը կնշանակեր պաշտպանել Լեւ Տրոցկու թեզիսը թուրք-ադրբեջանական դաշնություն ստեղծելու հնարավորության վերաբերյալ: Այսօր Մոսկվայում նման նախագիծ չկա, նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Ավելին, Մոսկվան Սիրիայի միջոցով սերտորեն ինտեգրված է Մերձավոր Արեւելքին, Մոսկվայի հետ երկխոսության կարիքը սրությամբ զգում է Թուրքիան, ինչը եւս մեկ զսպիչ գործոն է Արցախում ռազմական գործողությունների ձեռնարկման համար:

Բաքվին պաշտպանում է Թուրքիան, իսկ Երեւանն ու Ստեփանակերտը հայտարարում են, որ իրենց թիկունքում ամբողջ հայությունն է: Այսպիսով չեզոքացվում է ադրբեջանական լոբբիստների գործունեությունը Մոսկվայում, որոնք ջանում են Ռուսաստանի փորձագիտական հանրության մի մասին ներշնչել այն միտքը, թե Հայաստանի եւ Արեւմուտքի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի շահերի դեմ: Այստեղից էլ մի զարմանալի իրավիճակ. Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը կհակասի Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի եւ նույնիսկ Թեհրանի շահերին, քանի որ նրանց ձեռնտու չէ հավելյալ լարվածություն տարածաշրջանում, երբ ավելի լուրջ խնդիրներ կան, գտնում է փորձագետը:

Իսկ առայժմ Բաքուն ամփոփում է օրերս անցկացված զորավարժությունների արդյունքները: Պաշտպանության նախարարության գնահատման համաձայնՙ զորքերը լիովին հասել են առաջադրված նպատակներին, կուտակել մարտական գործողությունների փորձ եւ հմտություններ, ինչպես նաեւ դրսեւորել են դաշտային պայմաններում գործելու ունակություններ: Զորախաղերի սցենարը հարձակողական բնույթ էր կրում:

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ