Ազգային գրադարանի շտեմարանները չեն վնասվել հրդեհից, սերվերներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով

71

Ազգային գրադարանի սերվերների սենյակում  մայիսի 8-ին տեղի ունեցած հրդեհը եւ դրա հետեւանքները շարունակում են տարբեր մեկնաբանությունների, պնդումների, կարծիքների ու քննադատությունների տեղիք տալ: Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ փորձագիտական հետաքննություն է սկսվել, բայց դեռեւս պատասխան չկաՙ հրդեհը մարդածի՞ն էր, թե տեխնածին:

Գրադարանի տնօրենը հրդեհի օրերին էլ, հիմա էլ պնդում է, որ հոսանքի տատանումները կարգավորող հզոր սարքեր ունեն, որոնք պետք է որ հրդեհների սպառնալիքից սերվերների անխափան աշխատանքը ապահոգվագրած լինեին, բայց փաստացիորեն հրդեհ է տեղի ունեցել, որը կարող էր սերվերների ամբողջ պարունակությունըՙ թվայնացված շտեմարանները ոչնչացնել:

Հրաչյա Սարիբեկյանը դեռ մայիսի 15-ին լրատվամիջոցներին հայտնել էր, որ թվայնացված ամբողջ բազան առանձին կրիչների վրա պահվում է: Սերվերների արտաքին տեսքից դատելովՙ նա հավաստիացնում  էր, թե դրանք անհուսալի վիճակում չեն, հատկապես պարունակությունը չի կարելի համարել, թե կորսված է: Կոշտ սկսվառակները փորձարկել էին ու համոզվել, որ ոչինչ վնասված չէ: Հավանականությունը շատ մեծ էր, որ սերվերները հնարավոր է նորից գործարկել: Նա հենց այդ օրը հավաստիացրեց, որ 2-3 շաբաթ հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, եւ շտեմարանները նորից կգործեն:

Այսօր արդեն ակնհայտ է, որ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են,  եւ գրադարանը առցանց կարող է սպասարկել  24-ժամյա ռեժիմով: 

§Մենք չենք պատասխանել շահարկումներին, քննադատություններին, կանխակալ եզրակացություններին ու դատողություններին,  այդ ընթացքում զբաղվել ենք փակ սերվերները վերականգնելով: Չենք բացառում, որ այդ շահարկումները, մեզ թիրախավորելը  հատուկ ծրագրված նպատակ է ունեցել, հիմա էլ չենք բացառում: Հրդեհի առաջացման տարբերակներ ենք դիտարկել, օրինակՙ վիրուսային հարձակումներ: Երբ նույն վիրուսն անընդհատ հարցում է  կատարում, դրանից սերվերները տաքանում են ու շարքից դուրս գալիս, բայց մասնագետները մեր այդ վարկածը հերքեցին: Սակայն  մարդկային միջամտության գործոնն ու դիտավորությունը չի հերքվել, փորձաքննությունը դեռ ընթանում է, եթե այն եւս ցույց տա, որ մարդկային գործոնը բացառված չէ, ապա ես կունենամ այս ամենի ամբողջական պատկերըՙ ե՛ւ իր նախապատմությամբ, ե՛ւ զարգացման ընթացքով ու շարունակությամբ¦,- վերջին 3 շաբաթների գործընթացի մասին ասաց Հրաչյա Սարիբեկյանը:

Թե ինչ շահ կարող էին ունենալ մարդիկ, որոնք հրդեհն առաջացրել են,  Հրաչյա Սարիբեկյանը դեռեւս չի բարձրաձայնում: ԱԻՆ-ը դատախազության հետ կապի մեջ է, գրադարանն սպասում է  փորձաքննության վերջնական եզրակացությանը: Ծառայողական քննություն է անցկացվում: Այն աշխատակիցները, ովքեր մայիսի 8-ին այցելել են գրադարան, զեկուցագրեր են ներկայացրել: Ծառայողական քննության ավարտից հետո տնօրենն իր դիրքորոշումը կհայտնի:

Բովանդակային առումով ոչ մի կորուստ չկա, սերվերները դետալ առ դետալ մաքրվել են, այդ գործում գրադարանին օգնել են նեղ մասնագետներն ու բարձր տեխնոլոգիական կազմակերպությունները: Ամենամեծ կորուստը օդորակիչն է, երկու մոնիտորը, երկու ստեղնաշարը, ինտերնետի փոխարկիչը: Հոսանքի սնուցման եւ սերվերները շահագործող  ոչ մի սարքավորում չի վնասվել:

Եթե գործը հանձնվի դատախազություն, տնօրենը հավաքած բոլոր նյութերը, այդ թվումՙ գրադարանի տեսախցիկների տեսաձայնագրությունները,  կհանձնի  իրավապահներին: Այս փուլում դեռեւս փորձաքննություն է ընթանում: Փորձանմուշները վերցված են: Տնօրենն անաչառ, մանրակրկիտ հետազոտություն է  ակնկալում: §Տեխնիկական վերազինման առումով բավականին լավ պայմաններ ենք ունեցելՙ  հաստ մալուխներ, հոսանքի կարգավորման UPS,  որը հոսանքի անջատումից հետո  6 ժամ կարող էր սերվերների գործունեությունն ապահովել: Հոսանքի պաշտպանիչ  բաժանարարներն էլ են գործել: Դեպքն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել կա՛մ  հոսանքի անջատումից, կա՛մ  էլեկտաէներգիայի մատակարարումը վերականգնելուց անմիջապես հետո¦,- տեխնածին վարկածներ է առաջ քաշում գրադարանի տնօրենը:

Ազգային գրադարանում  սպասում են փորձաքննության եզրակացությանը, որպեսզի պարզ դառնաՙ իրավական հետաքննության կարիք կլինի՞, թե՞ ոչ: